«Պատերազմը լայն թափ կարող է ստանալ». ասել է Սերժ Սարգսյանը
ԱշխարհPOLITIK.am. Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
ՀՀ նախագահը խոսել է Արցախի սահմանին այս օրերին տիրող իրավիճակի մասին. «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ» է, և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս հայտարարությամբ փաստացի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ այլևս պատերազմական գործողություններ են տեղի ունենում: Սերժ Սարգսյանը իր խոսքում մեկ այլ գաղտնիք էլ է բացել: Նա իր հայտարարությամբ փաստել է, որ Ադրբեջանին ռազմական ուժով զսպել անհնար է: Հայաստանը իհարկե կարող է արժանի պատասխան տալ, սակայն Արդբեջանի նպատակն էլ հենց դա է: Ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանին ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Հայաստանն ի վերջո ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի մարտահրավերը, եթե իհարկե միջազգային հանրությունը ականջալուր չլինի ու ճնշումներ չբանեցնի Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ, որպեսզի նրանք հետ կանգնեն իրենց պլաններից: