ԻԳԻԼ-ի առաջնորդը հրաժեշտ է տվել
ԱշխարհԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր վերջին ելույթում ճանաչել է ռազմական վերջին գործողություններում ԴԱԻՇ-ի պարտությունը: Այս մասին հայտնում է Alsumaria լրատվականը` հղում անելով Նայնավա նահանգում գտնվող աղբյուրներին:
«Ալ-Բաղդադին իր ելույթը հրաժեշտի ճառ է անվանել, տարածել է այն ԴԱԻՇ քարոզիչների շրջանում ու բացատրել` ինչ է կատարվում խմբավորման հետ: Քարոզիչներն սկսել են խոսել Իրաքի Նայնավա և այլ նահանգներում կրած պարտությունների մասին»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան շրջաններում գտնվող ահաբեկիչները փախչում են քաղաքից:
Նշենք, որ Իրաքի Զինված ուժերի և ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի համատեղ գործողություննեը Մոսուլն ազատագրելու համար սկսվել են 2016-ի հոկտեմբերին: Քաղաքի արևելյան հատվածն արդեն ազատագրված է: Փետրվարի կեսերին Իրաքի վարչապետը հայտարարել է Մոսուլի արևմտյան շրջաններն ազատագրելու համար մարտեր սկսելու մասին: Փետրվարի 24-ին կառավարական ուժերն ահաբեկիչներից ետ են վերցրել ռազմաբազա և Մոսուլից հարավ արևմուտք գտնվող մի գյուղ: Բացի այդ, իշխանությունները լիակատար հսկողություն են հաստատել քաղաքի օդանավակայանում: