17-ամյա աղջկա սպանության պատճառը հայտնի է
ՀասարակությունՏավուշի մարզում անցած տարվա ամռանն անչափահաս աղջկա սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին ժամը 20։00-ի սահմաններում Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկի պարանոցի եւ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է
Արսեն Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից: