Վրաստանում փորձել են պայթեցնել Հայաստան մտնող գազատարը
Տնտեսություն«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է այն գազամուղի պայթեցումը, որով իրականացվում է ՌԴ-ի կողմից դեպի Հայաստան գազի մատակարարումը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այս առնչությամբ:
***
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն» լրատվամիջոցը, Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը այդ միջադեպը որակել է որպես ահաբեկչության փորձ եւ մանրամասնել, որ դրա հետ առնչություն ունենալու կասկածանքով արդեն կան բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ: Մասնավորապես ձերբակալվել են հինգ անձ եւ մեկ բարձրաստիճան ոստիկան՝ պարեկապահակային ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Հանցախումբը փորձել է գազամուղը պայթեցնել Ժինվալի-Շատալի ավտոմայրուղու մոտ գտնվող տեղամասում՝ օգտագործելով չորս տուփ տրոտիլ պայթուցիկ նյութ՝ երկու հարյուր գրամ քաշով: Իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են նաեւ ինքնաձիգներ, փամփուշտներ եւ այլ տեսակի զենք- զինամթերք: