Լուկաշենկոյի խիստ զգուշացումը Ռուսաստանի վարչապետին
ԱշխարհԼՐԱԳԻՐ / Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս-բելառուսական հարաբերության հիմքում:
Բիշքեկում ԵՏՄ վարչապետների հավաքին ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ԵՏՄ երկրներին կոչ է արել ռուսական գազի գնի հաշվարկներում «չտանջվել». եթե անդամ մի շարք երկրներ չմտնեին Միություն, գազ կգնեին եվրոպական գներով: «Այստեղ ոչ ոք ոչ ոքի ուժով չի պահում», ասել էր նա:
Լուկաշենկոն ասել է, որ Մեդվեդեւի այդ հայտարարությունը զարմացրել է իրեն: «Մեզ արդեն սկսում են վախեցնել: Դա կարծես թե ակնարկ է բոլորին, թե մենք Ռուսաստանի հացկատակներն ենք, իբր իրենք մեզ նվեր են անում»:
«Մեդվեդեւը պետք է հասկանա, որ եթե մենք վճարենք ինչպես Եվրոպայում, ապա ինքն էլ ստիպված է լինելու ինչ որ բանի համար վճարել: Եվ դրա գինն անհամեմատ ավելի է լինելու, քան գազի գինը», ասել է Լուկաշենկոն:
«Մեզ պետք է, որ եղբայրական Ռուսաստանի ղեկավարությունը կատարի իր պարտավորությունները: Բովանդակությամբ ու ոգով: Եթե մենք կառուցում ենք մեր միությունը՝ միասնական պետությունը, մեր մարդիկ ու ձեռնարկությունները պետք է ունենան հավասար հնարավորություններ», ասել է նա:
«Եթե ինչ որ խելոքներ կարծում են, թե մեզ կարելի է անընդհատ կռացնել եւ ծնկի բերել, դա չի լինելու», ավելացրել է Լուկաշենկոն: