«Բա նախարար եք եղել, մի բան անեիք»․ զոհված զինվորի հայրը՝ Սեյրան Օհանյանին
ՀասարակությունՀԱՅԵԼԻ / Ինչպես արդեն տեղեկացրել էինք ,ՕՐՕ դաշինքը նախընտրական հանդիպումներ է իրականացնում Կոտայքի մարզում։ Քիչ առաջ Չարենցավան քաղաքում Սեյրան Օհանյանին մոտեցավ մի մարդ՝ ասելով, որ տղան տարիներ առաջ զոհվել է հակառակորդի կրակոցից, սակայն ընտանիքը օրենքով նախատեսված որեւէ արտոնությունից չի օգտվել։
Օհանյանը հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս դիմե՞լ է իրեն, քաղաքացին ասաց, որ անձամբ նախարարի հետ չի հանդիպել, սակայն այս հարցով գնացել է նախարարություն․
«Բա նախարար եք եղել, մի բան անեիք»,-ասաց նա՝ դիմելով Օհանյանին։
«Ես արել եմ»,-պատասխանեց Սեյրան Օհանյանը՝ հարցնելով, թե ինչու հենց իր մոտ չի գնացել։
«Ախր ես ո՞նց միանգամից մտնեի նախարարի մոտ»,-հակադարձեց քաղաքացին։
«ՀՀ-ում չի եղել որեւէ մարդ, որ ինձ դիմի ու ես չարձագանքեմ»,-ասաց նա։
Օհանյանն ասաց, որ խոնարհվում է զոհված զինվորի հոր առջեւ եւ նրանից տվյալներ խնդրեց։
Գագիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղան՝ Գոռ Պողոսյանը, զոհվել է 2005 թվականի հունիսին։ Նրա խոսքով՝ ընտանիքը ամսական 30.000 դրամ նախատեսված թոշակից բացի որեւէ ուշադրության չի արժանացել։