Նիկոլ Փաշինյանը՝ «Մեծ եղբայր» դառնալու ճանապարհին
ՔաղաքականությունԳործակալների, լրտեսների մասին պատմությունները հատկապես Հայաստանի նման երկրներում մշտապես արդիական են ու արդյունավետ ամենատարբեր խնդիրների լուծման համար։
Այդ մեղադրանքներն ամենաշատն ուղղվում են իշխանություններին՝ ինչպես ընդհանրության մեջ, այնպես էլ՝ անհատապես։
Հատկապես 2020 թ. ողբերգական պատերազմից հետո ու դրան հաջորդող շրջանում Հայաստանի իշխանության գործելաոճի պատճառով այդ մեղադրանքները, մեղմ ասած, այնքան էլ մերկապարանոց ու հիմնազուրկ չեն։ Բայց գործակալ լինելու մեջ մեղադրվող իշխանությունն ինքն էլ լրտեսության մասին պատումներն արդյունավետորեն օգտագործում է՝ ներքին խնդիրներ լուծելու, հակառակորդներին թիրախավորելու ու ամենակարևորը՝ հասարակության տարանջատումը խորացնելու նպատակով։
«5-րդ շարասյուն» արտահայտությունը երևի Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահաճախ օգտագործվողներից է։ Հատկապես այն դեպքերում, երբ նրա դիրքերը ներքաղաքական դաշտում սկսում են փոքր-ինչ երերալ, Փաշինյանն անմիջապես դիմում է փորձված մեթոդին՝ ում որ տվյալ պահին անհրաժեշտ է՝ հռչակելով որպես «5-րդ շարասյան» ներկայացուցիչ։