«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն է խնդրել Փաշինյանից
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում այսօր՝ մարտի 15-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպից:
«Հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:
2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ և սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:
3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին և արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել և արձանագրել»:
«Ազատության» ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նաև ասաց, որ միջադեպից հետո իրեն է մոտեցել «Ծառուկյան դաշինքի» ցուցակով առաջադրված Արթուր Մամոյանը, ով այդ նույն սպորտդպրոցի տնօրենն է, որի պաստառը փորձում էին թաքցնել: Արթուր Մամոյանն ասել է, թե ցավում է, որ նման միջադեպ է տեղի ունեցել, ինչպես նաև նշել, որ պաստառը կհեռացնեն և քարոզչություն չի իրականացվի: