«Նվերներ»՝ Գարեգին Բ-ին
ՀասարակությունԱրմինե Օհանյանը «Հրապարակ»-ում գրում է․
Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան օրն էր։ Վստահ ենք՝ բազում շնորհավորանքներ է ստացել, բարեմաղթանքներ ու նվերներ։ Բայց «նվերների» թվում էին նաեւ երկու հոգեւորականների բաց նամակները, որոնք, հաստատապես, մթագնել են տոնի պայծառությունը եւ, հուսանք նաեւ՝ Վեհափառին մտորելու առիթ տվել։ Երկու կարգալույծ արված հոգեւորականներ՝ Հովհաննես աբեղա Սահակյանը, այժմ` Վարդգես Սահակյան, եւ Հայր Հայրիկ՝ Հովիկ Հովհաննիսյանը, դառը խոսքեր են ասել Ամենայն հայոց հայրապետին։ Երկուսն էլ կարգալույծ են արվել հոգեւոր ծառայությունից հրաժարվելու՝ «ծառայության վայրը լքելու» եւ արտերկիր տեղափոխվելու համար։ Նրանք որոշել են, որ առիթն օգտագործեն «ճշմարտություններ» հնչեցնելու համար։ Վարդգես Սահակյանը շարադրել է իր կենսագրությունն ու գրել․ «Վերոհիշյալ տարիների ընթացքում ես ինձ երբեք հոգեւորական չեմ զգացել: Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական եւ փարիսեցիական աշխարհայացքը երբեմնի ծաղկող եւ հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգեւոր անապատի՝ լեցուն օձերով եւ կարիճներով: Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարիների ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են… Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, եւ դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգեւորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից եւ բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգեւոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգեւոր ինքնասպանության մասին»:
Անշուշտ, լավ կլիներ, որ ճշմարտությունն ասվեր մինչեւ կարգալուծությունը։ Դա ավելի օգտակար կլիներ։