«Փոխոստիկանի հարազատները զենքով են ման գալիս, որովհետև նրանց պաշտպանն իշխանությունն է»
Քաղաքականություն«Խորհրդային միության ժամանակ, եթե հանկարծ մի ոստիկան թեթև դատապարտված բարեկամ ունենար, համակարգից հանում էին: Հիմա ոստիկանապետի տեղակալի հարազատները զենքերով ման են գալիս ու իշխանությունը բան չի անում, որովհետև իրենց պաշտպանն է, որովհետև Սարի թաղում այդ նույն հարազատներն ապօրինի ծեծ ու ջարդի էին մասնակցում»,- թալինցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով ներքաղաքական վերջին օրերի ծեծկռտուքներին ու դանակահարություններին:
Ելույթ ունեցավ նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով խոսեց իր առաջադրվելու պատճառների, դաշինքով հանդես գալու նպատակների մասին. «Տարածաշրջանային վիճակը բավականին բարդ է, դեպի ՀՀ եկող սպառնալիքներն այնքան արագ են զարգանում, որ իրավունք չունենք դանդաղ տեմպերով որոշումներ ընդունել: Որոշում ընդունելու համար պետք է նայել, տեսնել` ովքեր են քաղաքական ուժերը, ովքեր կառավարման հայտ են ներկայացնում: Մեր դաշինքում չեք գտնի մարդկանց, որոնց մտերիմները թաթախված են տարբեր գործերի մեջ կամ թալանում են երկիրը»,- ընդգծեց Օհանյանը: