Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
ՀասարակությունՄոսկվա - Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկի առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո: Բորտուղեկցորդուհիները նրան առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, ապա օդանավակայանում հանձնել բժիշկների հսկողությանը։
Ավիաընկերությունից հերքեցին տեղեկություններն այն մասին, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել։
«Թռիչքի սպասման ժամանակը նվազեցնելու համար, որը կպահանջվեր ինքնաթիռի վերալիցքավորման համար, որոշում է կայացվել թռիչքը կատարել պահեստային օդանավով, որի նախապատրաստումը սկսվել է վերադարձող ինքնաթիռի վայրէջքից առաջ»,- տեղեկացրին ավիաընկերությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Երևան SU1864 չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում»։