Ինչու է մարտի 22-ը Սամվել Բաբայանի համար սեւ օր
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, Իգլա տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու փորձի գործով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, դա տեղի է ունեցել Բաբայանի պատվերով: Կան այլ ձերբակալվածներ եւս:
Ի դեպ, Բաբայանի նախորդ ձերբակալությունը եւս եղել է մարտի 22-ին՝ 2000 թ., ԼՂՀ այն ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով: Այն ժամանակ նա դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, սակայն Շուշիի բանտում անցկացրեց 4,5 տարի, որից հետո ազատ արձակվեց եւ տեղափոխվեց Հայաստան:
Հայաստանում նա կուսակցություն բացեց՝ Դաշինք անունով, ինչպես նաեւ սկսեց զբաղվել բիզնեսով: Սակայն թե մեկը, թե մյուսը կարճ տեւեցին, եւ նա որոշ ժամանակով հեռացավ Ռուսաստան:
Սամվել Բաբայանը Ռուսաստանից վերադարձավ անցյալ տարի ապրիլին, ռազմական գործողություններից հետո: Այցելեց Ստեփանակերտ, եւ այդ այցը բավական աղմուկ հանեց: Իր ասելով՝ նա Ստեփանակերտ էր գնացել Արկադի Ղուկասյանի վերադարձը թույլ չտալու համար, թեեւ պատերազմի մասով կրկնում էր Սերժ Սարգսյանի «թեզերը»:
Այնուհետեւ Բաբայանը ակտիվ գործունեություն ծավալեց ՀՀ ԱԺ ընտրության շրջանում, աջակցելով ՕՐՕ դաշինքին: Բաբայանը հանդես էր գալիս հարցազրույցներով, որոնցում բավական կոշտ էր խոսում հնարավոր արյունահեղության ու ցնցումների մասին: