Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրադրությունը Ղարաբաղում
ԱշխարհԵվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին սենատի կոմիտեի լսումներին հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը աշխարհում, մասնավորապես, Արցախում: Այս մասին հաղորդում է Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի կայքը:
Ամերիկացի հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորմանը հետխորհրդային տարածությունում:
«Մոսկվան, զինելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ապակայունացնող դերակատարում է խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Լինելով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկիր, որը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանը շարունակում է ռազմաբազա պահել Հայաստանի տարածքում»,-հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան և Վրաստանը ևս գտնվում են Մոսկվայի կողմից ագրեսիվ գործողությունների սպառնալիքի ներքո: «Բալկաններում Ռուսաստանը եվրոպական և ատլանտյան ինտեգրումը դանդաղեցնելու համար կիրառում է լարվածություն: 2016-ին Մոսկվան բացահայտորեն միջամտել է քաղաքական գործընթացներին Բոսնիայում-Հերցոգովինայում և Չեռնոգորիայում»,-հավելել է գեներալը: