3 զոհով ավարտված վթարին Շարմազանովի եղբոր մասնակցության լուրերի մասին Քննչականը դեռ լռում է
ՀասարակությունArmtimes--ը գրում է.
Երեկ անդրադարձել էինք օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարին, որի հետեւանքով զոհվել է 3 երիտասարդ: Երիտասարդներից մեկի մորաքույրը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ վթարի մեղավորը եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը, որը Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետն է:
Փորձեցինք ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ճշտել՝ ծառայողական քննություն ընթանո՞ւմ է արդյոք, քանի որ ոստիկանության գնդապետի մասին է վերոնշյալ նյութում անդրադարձ կատարվում, սակայն այնտեղից մեզ առաջարկեցին դիմել նախաքննական մարմին:
Տեղեկացնենք, որ վթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեին քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ 2 եւ ավելի անձանց մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին միայն նախաքննության շարունակելիության մասին.
«Ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը դեռեւս չկա, այս պահին միայն այսքանը կարող եմ ասել»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք քրեական գործի շրջանակներում կա՞ կալանավորված, ինչին պատասխանեցին, որ այս պահին որեւէ այլ բան չեն կարող ասել:
Նկատենք, որ երեկվանից չենք կարողանում կապ հաստատել Էրիկ Շարմազանովի հետ. ամենայն հավանականությամբ նա արձակուրդում է: