Ավիաընկերությունը թույլ չի տվել լեգինս հագած դեռահաս աղջիկներին ինքնաթիռ նստել
ԱշխարհԱմերիկյան United Airlines ավիաընկերությունը թույլ չի տվել 2 դեռահաս աղջիկների ինքնաթիռ նստել՝ «դրես կոդին» համապատասխան հագնված չլինելու պատճառով:
Ինչպես նշում է Reuters-ը՝ ընկերության խոսնակ Ջոնաթան Գերինին հղումով, աղջիկները ճամփորդելիս են եղել առանց տոմսի՝ special pass travelers ծրագրի շրջանակում, որն ընկերության աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին հնարավորություն է տալիս ինքնաթիռ նստել անվճար:
United Airlines-ի խոսնակը մանրամասնել է, որ եթե աղջիկները սովորական ուղևորներ լինեին ու տոմս գնած լինեին, ապա նրանց թույլ կտրվեր լեգինսներով ինքնաթիռ նստել:
Գերինը նաև պատմել է, որ աղջիկներին ամեն ինչ մանրակրկիտ բացատրվել է, և նրանք որևէ առարկություն չեն ունեցել արգելքի հետ կապված:
Աղբյուրը հավելում է, որ ավիաընկերության ղեկավարությունը special pass travelers–ով ճամփորդողներին արգելում է որովայնը բաց բլուզներ, գիշերազգեստ, լողազգեստ, մինի կիսաշրջազգեստ, կարճ շորտեր, կեղտոտ կամ պատռված հագուստ կրել ինքնաթիռ նստելիս: