«Ինտրիգ մի փնտրեք». նախկին ոստիկանապետը մարզում ամենաքիչ ձայներն է ստացել
ՔաղաքականությունԱրարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի գինու գործարանի սեփականատերը և Արարատի մարզպետի եղբայրը. նա ստացել է 43.770 ձայն, ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի օգտին է քվեարկել 17.072 ընտրող, իսկ Ալիկ Սարգսյանի՝ 6.393։ Մարզում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն էլ ստացել է 33.779 քվե:
Ալիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հենց այդքան էլ նախատեսում էր իր համար: «5 հազարից 6-6.5 հազար: Ինչքան նախատեսել էի, այդքան էլ ստացել եմ: Շատ նորմալ է, ոչ մի ինտրիգ մի փնտրեք»,- ասաց նա՝ ՀՀԿ թեկնածուների մեջ ամենաքիչ ձայներ ստանալու փաստը մեկնաբանելով որպես իր երկարատև բացակայության արդյունք:
«Մյուսները երկար ժամանակ աշխատել են իրենց տարածքներում, ես ինչքան ժամանակ է՝ մարզում գործունեություն չէի ծավալում, ինչու չէ՝ մի շարք այլ հանգամանքներ էլ կային, որոնց մասին, սակայն, չեմ ցանկանում խոսել: Այ էդ բոլորը դեր են խաղացել, որ ունենք այն ձայները, ինչ ունենք: Բայց ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա: Ես մաքսիմում ինչ որ հնարավոր էր, արել եմ»,- ասաց Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանը մարզում ՀՀԿ-ի հաղթանակը նաև իրենն է համարում և կարծում է, որ այդ հաղթանակում իր ներդրումն էլ կա: «Որ ասեմ՝ չէ, ես կապ չունեմ, կհավատա՞ք: Ես մենակ ինձ չեմ վերագրում այդ հաղթանակը, մարդիկ, ովքեր առաջինն այդքան մեծ ձայներ են տարել, նաև նրանցն է, բայց ես իմ լուման էլ ունեմ»,- նկատեց Սարգսյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի՝ մասնավորապես, Արգամ Աբրահամյանի հաղթանակի և մարզում Աբրահամյանների ազդեցության: