Լավրովը Ղարաբաղի հարցով հայտարարություն է արել
ԱշխարհՄոսկվան պատրաստ է դառնալ արցախյան հակամարտության կարգավորման երաշխավոր, եթե Բաքուն և Երևանը համաձայնության հասնեն: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը կբավարարի բոլոր ներգրավված կողմերին, պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում պատրաստ ենք մյուս միջնորդների հետ դառնալ կարգավորման երաշխավոր»,-ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ միջնորդների աջակցման շնորհիվ կողմերին հաջողվել է զգալիորեն մոտեցնել դիրքորոշումները մի շարք վիճելի հարցերի շուրջ:
«Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Սակայն Հայաստանը և Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը»,-հավելել է Լավրովը՝ կոչ անելով Երևանին և Բաքվին քաղաքական կամք դրսևորել և պատրաստակամ լինել փոխադարձ զիջումների: