Եկեղեցու վրա հարձակում է եղել
ԱշխարհPanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 6:00-ի սահմաններում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք եկեղեցու դռան մոտ աղբաման են հրկիզել, ինչի արդյունքում այրվել է նաև դուռը: 1 տարվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է հայկական եկեղեցու վրա:
Armenian weekly-ն հաղորդում է, որ կրակն արթնացրել է տեղի քահանա Ժիլբեր Լեոնյանին և վերջինիս կնոջը, որոնք ապրում են շինության առաջին հարկում:
Հրշեջներն արագ արձագանքել են և հասել դեպքի վայր՝ մարելով կրակը: Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Եկեղեցու մուտքը ևս վնասվել է:
Դեպքից 8 օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ՝ վնասելով շինությունը:
Ալֆորվիլի քաղաքապետն արդեն իսկ արձագանքել է կատարվածին՝ իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով հայկական եկեղեցուն: