Գնդեվազում կարկուտի հետևանքով ոչնչացել է մոտ 40 հեկտար բանջարաբոստանային կուլտուրա. վարչական ղեկավար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում երեկ տեղացած կարկուտի հետևանքով ամբողջությամբ ավիրվել են բանջարաբոստանային կուլտուրաները. վնասվել են ծիրանի այգիները: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է գյուղի վարչական ղեկավար Սևակ Մկրտչյանը: «Յուրաքանչյուրս մեր տնամերձ այգում վարունգ, լոլիկ, պղպեղ, կարտոֆիլ, լոբի էինք աճեցնում, կարծեմ՝ ամբողջ գյուղինը ընդհանուր 35-40 հեկտար է կազմում»,-ասում է գյուղապետը:
«Ճիշտ ա, ծիրանը չի թափել, բայց ամբողջը վնասել ա: 142 հեկտար ծիրանի այգիներ ունեինք: Վաճառքի ենթակա կլինի, բայց մթերման, ոչ թե արտահանման. արտահանման համար ընտրում են, իրենց ուզածն են տանում»: Սևակ Մկրտչյանի խոսքով, այլ վնասներ գյուղը չի կրել. տների տանիքներ ու մեքենաներ կարկուտի հետևանքով չեն վնասվել: Վարչական ղեկավարի խոսքով, Վայոց Ձորի մարզպետարանում տեղյակ են խնդրի մասին, սակայն վնասի գույքագրման աշխատանքներ դեռևս չեն իրականացվում: Հարցին, թե արդյո՞ք բնակիչները չեն բողոքում, նա պատասխանեց. «Բողոքում են, բայց դե չգիտեմ, տեսնենք՝ ինչ կլինի. բնության դեմ ինչ կարող ենք անել»:
Սևակ Մկրտչյանի խոսքով, կարկուտից առաջ շուրջ 40 րոպե հակակարկտային կայանները գործել են, ասում է՝ եթե չգործեին, վնասի չափն ավելի մեծ կլիներ: