MediaHub-ը շարունակում է ներկայացնել գերիների, պատանդառվածների և Բաքվում պահվող ռազմագերիների ընտանիքների պատմությունները։ Որքան երկարաձգվում է ժամանակը, այնքան ավելի է խորանում հայրենիքում սպասող հարազատների ցավը։
«Մենք չգիտենք՝ արդեն ում դիմենք, սպասումը խելագարվելու պես մի բան է։ Եթե մեզ հստակ ժամանակահատված նշեն, որ Բաքվի բանտերում պետք է մնան, ենթադրենք 2 տարի, կսպասենք, որքան պետք է, կսպասենք։ Դիմել ենք դեսպանատներից մինչև իրավապաշտպան կառույցներ, մարդասիրական կազմակերպություններից մինչև դատարաններ, ու բոլորը սլաքներն ուղղում են ՀՀ կառավարությանը, այնտեղից էլ մեզ չեն ընդունում, ասում են՝ «զբաղվում ենք, համբերեք»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է գերության մեջ գտնվող տղաներից մեկի կինը։
Նրանց երեխան 11 ամսական էր, երբ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, որի ընթացքում էլ տղամարդը գերեվարվեց։
«Երբ ամուսինս տուն էր գալիս, աղջիկս ժպտում էր, թռչկոտում էր, հոր հետ շատ կապված էր։ Շուտով 10 ամիս կլինի, չի տեսնում նրան, վերցնում է հոր նկարներն ու հարցական հայացքով նայում է ինձ։ Հազիվ սկսել է խոսել, արդեն «պապա» բառն է արտաբերում։ Սիրտս կտոր-կտոր է լինում»,- ասում է մեր զրուցակիցը։
Կնոջ խոսքով՝ Կարմիր խաչի միջնորդությամբ ամիսը մեկ անգամ տեսանյութերով են փոխանակվում, շաբաթը մեկ անգամ զանգ են կատարում, բացի այդ նաև նամակակագրությամբ են միմյանց որպիսության մասին տեղեկանում։
«Տեսքը վատ չէր, չնայած նիհարել էր։ Առայժմ փարատվում ենք նրանով, որ ողջ է, և միմյանց ձայնը լսելու հնարավորություն կա։ Իսկ նամակի բովանդակության մեջ նա հիմնականում խոսում է երեխայից ու նրա հանդեպ ունեցած մեծ կարոտից։ Վաղը զանգելու օրն է, անհամբեր սպասում եմ տրամադրված րոպեներին, որ խոսեմ ամուսնուս հետ։ Սկզբնական շրջանում շատ թեմաներ կային, որոնց շուրջ զրույց չէր ծավալվում, ես հարց էի տալիս, ինքը շրջանցում էր, հիմա արդեն գիտեմ՝ այդ րոպեներն ինչ հարցերի վրա ծախսեմ»,- հավելեց կինը։
Նշենք, որ 2020 և 2023 թվականներից հետո Արցախից գերեվարված և մինչ օրս Բաքվում պահվող հայերի հրապարակված թիվը 23-ն է, նրանցից 8 հոգին ռազմաքաղաքական ղեկավարներն են, մյուսները՝ Հայաստանի ու Արցախի քաղաքացիներ։ Իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ Բաքվում պահվում են մի քանի տասնյակ հայ գերիներ:
Հունան Թադևոսյան