MediaHub-ը մի քանի օր առաջ գրել էր, որ Երևանում շաուրմայից թունավորման հերթական դեպքն էր արձանագրվել:
Ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ Երևանի Բաղրամյան 68/1 հասցեում արագ սննդի կետը թունավոր սնունդ է վաճառում: Նրա խոսքով՝ սննդի կետում շաուրմա ուտելուց հետո նա մի քանի օր շարունակ իրեն շատ վատ է զգացել, երեք օր 39 ջերմություն է ունեցել և շտապօգնության կանչելուց հետո տեղափոխվել Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոց:
Մալաթիայի ինֆեկցիոն հիվանդանոցում նրան ասել են՝ սննդային թունավորում է։ Նա նաև նշել էր, որ բացի իրենից և ընկերոջից երեք այլ քաղաքացիներ ևս կերել էին այդ նույն շաուրմայից և թունավորվել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը MediaHub-ի հետ զրույցում նշել էր, որ ոչ միայն ստացել են բողոքը, այլ արդեն ստուգումներ են ընթանում։
Ուշագրավն այն է, որ դեպքից հետո օրեր շարունակ «շաուրմայանոցը» գործել է: Սակայն այսօր MediaHub-ը տեղեկացավ, որ չսպասելով ՍԱՏՄ–ի լաբարատոր փորձաքննության պատասխաններին, տնտեսվարողը փակել է արագ սննդի կետը։ ՍԱՏՄ–ից հաստատեցին ահազանգած քաղաքացու այս տեղեկությունը, որ տնտեսվարողը հայտարարություն է տվել, որ սկսել է վերանորոգման աշխատանքներ։
«Լաբարատոր փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն, մանրէաբանական հետազոտությունը տևում է 7-10 օր, երբ պատրաստ լինի, հրապարակում կարվի»,– նշեցին ՍԱՏՄ–ից։
Մինչ գործունեության վերսկսելը տնտեսվարողը կդիմի տեսչական մարմին, և տեղի կունենան ստուգումներ տեսչական մարմնի կողմից։
Տեսչական մարմնից հորդորում են բոլոր տնտեսվարողներին պատշաճ ստուգել, թե ինչ սնունդ են պատրաստում և վաճառում, չհասցնել նրան, որ քաղաքացիների թունավորվելուց հետո նոր սկսեն կարգի բերել իրենց արագ սննդի կետերը, խանութները և այլն։
Ի դեպ, ահազանգը ստանալու օրը հենց ՍԱՏՄ-ից տեղեկացել էինք, որ Երևանի կենտրոնում ՝ Խորենացի փողոցում, կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը բազմաթիվ խախտումների պատճառով:
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live