«Ինչ-որ շատ երկարեց արդեն»․ ամերիկացի պաշտոնյան՝ ղարաբաղյան կոնֆլիկտի մասին
Բաց մի թողեքՂարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, կարգավորման համար կարևոր են բանակցությունները: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ծայրահեղ կարևոր են խաղաղ բանակցությունները: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որպեսզի կողմերը միասին հավաքվեն և աշխատեն խաղաղ լուծման համար: Այս հակամարտությունն արդեն շատ երկար է տևում»,-ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ակտիվ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կողմերին օգնի գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղի:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին՝ դեսպանը նշել է, որ վերջինս աշխատանքի մեծ փորձ ունի ԱՄՆ պետական դեպարտամենտում, լավ տեղյակ է աշխարհի այդ հատվածից և նախկինում աշխատել է այդ հատվածի հետ:
«Հոգլանդը էներգիայով լի և շատ ուժեղ խաղացող է, կարծում եմ, որ նա իրոք կարող է օգնել այս գործընթացը առաջ տանելու հարցում»,-հավելել է Սեկուտան: