Բանակում զինվորին ինքնասպանության են դրդել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ զինվորական ծառայության ընթացքում ենթադրաբար ինքնասպանության հետևանքով մահվանը և հետագա քննությանը։
Գործի նախապատմությունը
2011 թվականին դիմումատուի որդին՝ 18-ամյա Տիգրան Վարյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ:
Դիմումատուն պնդել է, որ իր որդին պիտանի է ճանաչվել միայն ոչ մարտական ծառայության համար՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Կառավարությունը վիճարկել է դա՝ նշելով, որ Տ. Վարյանը ճանաչվել է մարտական ծառայությանը պիտանի։ Այդ կապակցությամբ նրանք ներկայացրել են զինվորական կոմիսարիատից ստացված՝ Տ.Վարյանի անձնական գործի պատճենը, որից երևում է, որ զորակոչի ընթացքում իրականացված բուժզննումների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է միտրալ փականի պրոլապս՝ առաջացնելով միտրալ փականի անբավարարություն (սրտի վիճակ, երբ որոշակի քանակությամբ արյուն հոսում է սխալ ճանապարհով, քանի որ սրտի ձախ կողմում գտնվող երկու խորշերի միջև գտնվող փականի փեղկերը հարթ կամ հավասար չեն փակվում սրտի կծկման ժամանակ): Տվյալ անձնական գործում առկա է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ նրան մարտական ծառայության համար պիտանի ճանաչելու մասին որոշումը։
Դրանից հետո Տ. Վարյանը ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում։
2012 թվականի փետրվարի 29-ին Տ.Վարյանին գտել են մահացած՝ ստորին ծնոտին հասցված հրազենային վնասվածքով, որը հասցվել է իրեն կցված ինքնաձիգով։
Դիմումատուի որդու մահվան գործով քննությունը
2012 թվականի փետրվարի 29-ին ՀՀ ՊՆ-ն քննչական ծառայության երրորդ կայազորի քննչական բաժինը (Մարտակերտ, Լեռնային Ղարաբաղ) որոշել է քրեական վարույթ հարուցել Տ. Վարյանի մահվան գործով։ Որոշման մեջ նշված էր հետևյալը.
«2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Տ. Վարյանը, հենակետում հերթապահության ժամանակ, իրեն կցված ինքնաձիգով կրակել է իր ստորին ծնոտին և ստացված հրազենային վնասվածքի հետևանքով տեղում մահացել է»:
Նույն ամսաթվին քննիչը դիահերձում է նշանակել։ Համապատասխան որոշման մեջ նշված էր, որ Տ. Վարյանն ինքնասպանություն է գործել, և որ, ի թիվս այլնի անհրաժեշտ էր պարզել նրա մարմնի վրա վնասվածքների առկայությունը, վնասվածքների հրազենային հատկանիշներն ու դրանց թիվը, և այն, թե արդյոք նա կարող էր դա (կամ դրանք) պատճառել ինքն իրեն:
Վկաների հարցաքննությունը
Քննության ընթացքում հարցաքննվել են ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն, կրտսեր սերժանտ Է.Ս.-ն, շարքային Ռ.Ա.-ն։ Հարցաքննվել են մի շարք զինծառայողներ, սպաներ և զորակոչիկներ։
Նշվել է, որ Տ․ Վարյանին հաճախ են ծաղրել իր միամիտ և դանդաղաշարժ լինելու պատճառով։ Մասնավորապես՝ ավագ լեյտենանտ Հ․Հ․-ն հաճախ է նրան ստիպել այս կամ այն գործը անել, ծաղրել է նրան․ «Զինծառայողները նրան մականուններ էին կպցնում, հայհոյում էին ու շահագործում նրան՝ իր միամտության պատճառով, այդ թվում՝ ստիպելով նրան մաքրություն անել, նույնիսկ եթե նա հերթապահության չէր լինում։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն խոստովանել է, որ ինքը նույնպես որոշակի պատասխանատվություն է կրում Տ. Վարյանի ինքնասպանության համար»։
Ըստ ցուցմունքներից մեկի՝ եղել է դեպք, երբ ավագ լեյտենանտը Տ․ Վարյանին ուղարկել է իր գլխարկը բերելու, իսկ զինծառայողը նշել է, որ այդ պահին չի կարող, քանի որ ձեռքերը կեղտոտ են։ Հ․Հ․-ն՝ ավագ լեյտենանտը դրա համար բռնության է ենթարկել նրան, հայհոյել։
Նման դեպքերը բազմաթիվ են և շարունակական բնույթ են կրել։
Հ․Հ․-ն նշել է, որ դիակը հայտնաբերելուց հետո որոշել է այնպես անել՝ ասես ինքնասպանություն գործելիս Տ. Վարյանը հերթապահության է եղել, որպեսզի խուսափի հենակետում նրա լինելու մասով բացատրություն տալուց, այն դեպքում, երբ նա չպետք է հերթապահության լիներ: Քանի որ Տ. Վարյանը եղել է առանց սաղավարտի, գոտու կամ փամփշտատուփի համար նախատեսված պայուսակի, Հ.Հ.-ն վերադարձել է կացարան և նշված իրերը տարել հենակետ։ Այնուհետև նա այրել է հենակետում հերթապահության ժամերին վերաբերող զինվորական փաստաթղթերը և նոր փաստաթղթեր կազմել, ըստ որոնց՝ Տ. Վարյանը մարտական հերթապահություն է իրականացրել հենակետում առավոտյան ժամը 8։00-ից մինչև 10։00-ն։ Դրանից հետո նա շարքային Ռ.Ա.-ին և կրտսեր սերժանտ Է.Ս.-ին տվել է փաստաթղթեր, որոնք բովանդակել են անվտանգության կանոնները, որոնց պետք է ենթարկվել հերթապահություն իրականացնելիս, որպեսզի նրանք ստորագրեն իրենց անուններից, իսկ Տ. Վարյանի փոխարեն ստորագրել էր հենց ինքը։ Ժամը 10։00-ի սահմաններում նա ռադիոյով կապ է հաստատել զորամասի հրամանատարի հետ և հայտնել մահվան մասին։
Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին, կրտսեր սերժանտներ Է.Ս.-ին և Գ.Մ.-ին առաջադրված մեղադրանքները
2012 թվականի մարտի 6-ին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար։
Նույն ամսաթվին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն հարցաքննվել է որպես մեղադրյալ։ Նա խոստովանել է, որ 2011 թվականի նոյեմբերին ծեծի է ենթարկել Տ. Վարյանին՝ հերթապահության ժամանակ քնելու համար, և որ նույն ամսին կրկին ծեծել է նրան գոտու պատճառով: Նա հերքել է, որ գլխարկի պատճառով խոհանոցում վիճել է Տ. Վարյանի հետ ինչպես նաև որ վիրավորել և վատ է վերաբերվել Տ. Վարյանին՝ վերջինիս կողմից զուգարանը պատահաբար կեղտոտելու պատճառով: Նա խոստովանել է, որ դեպքի նախորդ օրը՝ 2012 թվականի փետրվարի 28-ի երեկոյան, հայհոյել է Տ. Վարյանին, սակայն հերքել է, որ այդ օրը հարվածել է նրան։
2012 թվականի մարտի 7-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար: Նույն օրը նա հարցաքննվել է որպես մեղադրյալ։
2012 թվականի մարտի 12-ին կրտսեր սերժանտ Գ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար: Նույն ամսաթվին նա հարցաքննվել է որպես մեղադրյալ և խոստովանել, որ 2012 թվականի փետրվարի 21-ին, երբ Տ. Վարյանը խոհանոցում հերթապահում էր, ինքը հարվածել է նրան՝ մաքրությունը չավարտելու համար:
2012 թվականի մարտի 19-ին դիմումատուն վարույթում ճանաչվել է մահացածի իրավահաջորդ։ Նույն օրը նա ծանոթացել է քննիչի՝ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ որոշումներին:
Դիահերձման եզրակացությունը և դատաբժշկական մյուս ապացույցները
2012 թվականի ապրիլի 2-ին ստացվել է դիահերձման եզրակացությունը։ Դրանում մասնավորապես նշվում էր, որ Տ.Վարյանի մահը վրա է հասել գլխին հասցված ծակող հրազենային վնասվածքի հետևանքով գլխուղեղի ֆունկցիայի խանգարման պատճառով։
2012 թվականի սեպտեմբերին քննիչը հարցաքննել է դիահերձումն իրականացրած դատաբժշկական փորձագետին: Փորձագետին ցույց են տվել դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարները և հարցրել, մասնավորապես, թե արդյոք Տ. Վարյանի մարմնի վրա առկա ոչ հրազենային վնասվածքները ստացվել են կրակոցից առաջ, թե հետո, և եթե հետո, ապա արդյոք դրանք կարող էին առաջանալ կրակոցից, թե ինքնաձիգի շարժումից։ Ի պատասխան՝ փորձագետը նշել է, որ հաշվի առնելով վնասվածքների տեղակայումը և բնույթը՝ դրանք, ամենայն հավանականությամբ, ստացվել են կրակոցից հետո՝ փամփուշտի շեղման հետևանքով։
2012 թվականի նոյեմբերի 15-ին փորձագետների հանձնաժողովը, որին հանձնարարվել էր Տ. Վարյանի նկատմամբ անցկացնել հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն, տվել է իր եզրակացությունը։ Փորձագետների եզրակացության համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
«Տ.Վարյանը հոգեկան որևէ խանգարմամբ չի տառապել։ Իր ծառայակիցների կողմից մշտական նվաստացումների, բռնությունների, վիրավորանքների և ստորացումների հետևանքով նրա մահը վրա հասնելու պահին նա ունեցել է հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում, որն ուղեկցվել է հուսահատությամբ և ցածր ինքնագնահատականով որն էլ եղել է նրա ինքնասպանության պատճառը։
Եզրակացություններ
Կրտսեր սերժանտներ Գ. Մ.-ի և Է.Ս.-ի հետ վեճը և Տ. Վարյանի նկատմամբ նրանց գործողություններն ընկճել են նրան, բայց միայն այդ երևույթները դժվար թե նրան ինքնասպանության հասցնեին։
Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից Տ. Վարյանի հասցեին հնչեցված արտահայտություններն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունն իրականում կարող էին վերջինիս դրդել ինքնասպանության։
Կրտսեր սերժանտներ Գ.Մ.-ի, Է.Ս.-ի և ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի գործողությունները համատեղ Տ. Վարյանին դրդել են ինքնասպանության։
Մեղադրական եզրակացությունը
2013 թվականի հունվարի 14-ին գործն ուղարկվել է Սյունիքի մարզային դատարան՝ այն ըստ էության քննելու համար։ Մեղադրական եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
2011 թվականի նոյեմբերին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն ոտքով հարվածել է շարքային Տ. Վարյանի գլխին` հենակետում հերթապահության ժամանակ քնելու համար։
Բացի այդ, նաև 2011 թվականի նոյեմբերին ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն վիճաբանել է Տ. Վարյանի հետ՝ զուգարանի համար փոս փորելու հրամանին վերջինիս կողմից չենթարկվելու պատճառով, որի ընթացքում հայհոյել է Տ. Վարյանին և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին։
Այդ գործողությունների արդյունքում Տ. Վարյանը կրակել է ինքն իրեն։
2012 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում կրտսեր սերժանտ Է.Ս.-ն գնացել է հենակետ և տեսել շարքային Տ. Վարյանին գետնին` արյունահոսող գլխով, հրացանը՝ կրծքին: Կացարան վերադառնալով՝ նա ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին հայտնել է, որ շարքային Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել։ Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն գնացել է հենակետ և վերադառնալուց հետո շարքային Տ. Վարյանի զինվորական սաղավարտն ու նրա գոտին (որին ամրացված էր պահեստային փամփշտատուփերով պայուսակը) տարել է հենակետ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Տ. Վարյանն ինքնասպանություն գործելիս հերթապահության է եղել Այնուհետև ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն այրել է մարտական հենակետում հերթապահության ժամերին վերաբերող փաստաթղթերն ու դրանց փոխարեն կազմել նոր փաստաթղթեր, համաձայն որոնց՝ շարքային Տ. Վարյանը ժամը 08։00-ից մինչև 10։00-ն հերթապահել է. ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն, կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և շարքային Ռ.Ա.-ն ստորագրել են նոր կազմված փաստաթղթերը ու ստորագրել են Տ. Վարյանի փոխարեն ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն այնուհետև ասել է, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն և շարքային Ռ.Ա.-ն բոլորին ասեն, որ շարքային Տ. Վարյանը ունեցել է ընտանեկան խնդիրներ, ինչի պատճառով էլ ինքնասպանություն է գործել։
2012 թվականի փետրվարի 27-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն ստորացրել է շարքային Տ. Վարյանին և բռունցքով հարվածել նրա կրծքավանդակին Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 28-ին կրտսեր սերժանտ Է.Ս.-ն ստորացրել է շարքային Տ. Վարյանին և առանց որևէ հիմնավորման՝ բռունցքով հարվածել է նրա կրծքին։
2012 թվականի փետրվարի 21-ին կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն ստորացրել է Տ. Վարյանին և բռունցքով երեք անգամ հարվածել նրա կրծքավանդակին»:
Դատաքննությունը
Դատաքննության ընթացքում դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան հանգամանքների քննությունն արդյունավետ չի եղել, քանի որ նրա մահվան հանգամանքները պատշաճ կերպով չեն հաստատվել: Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ չի պարզվել, որ իր որդին իսկապես ինքնասպանություն է գործել, այլ ոչ թե սպանվել է այլ անձի կամ անձանց կողմից: Բացի այդ, զգալի անհամապատասխանություններ են եղել ծառայողական քննությանը հաջորդած զեկույցում հաստատված փաստերի և մեղադրական եզրակացության մեջ նկարագրված իրադարձությունների վարկածի միջև։
2013 թվականի օգոստոսի 6-ին Մարզային դատարանն ավագ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղավոր է ճանաչել ըստ մեղադրանքի և դատապարտել նրան չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման: Կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն նույնպես մեղավոր են ճանաչվել ըստ մեղադրանքի և երկուսն էլ դատապարտվել են չորս ամիս ժամկետով ազատազրկման: Ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն և կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն բոլորը հրաժարվել են դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց: Մարզային դատարանը հաստատված է համարել մեղադրական եզրակացության մեջ նկարագրված փաստերը: Այն մասնավորապես եզրակացրել է, որ Տ. Վարյանի նկատմամբ ավագ լեյտենանտ Հ.Հ.-ի կողմից դրսևորված վարքագիծն ու գործողություններն անզգուշությամբ առաջացրել են վերջինիս ինքնասպանությունը, որ կրտսեր սերժանտ Է.Ս.-ն փետրվարի 27-ին և 28-ին Տ. Վարյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորել ե՛ւ բանավոր, ե՛ւ ֆիզիկապես, և որ կրտսեր սերժանտ Գ.Մ.-ն փետրվարի 21-ին Տ. Վարյանին ենթարկել է բանավոր և ֆիզիկական բռնության։
2013 թվականի հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անփոփոխ թողնել Սյունիքի մարզային դատարանի դատավճիռը։ Ինչ վերաբերում է դիմումատուի կողմից իր բողոքում բերված փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը նշել է հետևյալը.
«Քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում հաստատվել է, որ Տ. Վարյանի մահը վրա է հասել ինքնասպանության, այլ ոչ թե սպանության հետևանքով. ձեռնարկվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու համար, մեղավորները ենթարկվել են քրեական պատասխանատվության և պատժի»։
Դիմումատուն դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ բերելով իր նախկին բողոքում հնչեցրած փաստարկներին համանման փաստարկներ:
2013 թվականի դեկտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
ՄԻԵԴ վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ գործով առկա է կոնվենցիայի 2-րդ (նյութաիրավական հայեցակետի մասով), 3-րդ (դիմումատուի որդու մահվան նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասով) և 13-րդ (դիմումատուի որդու մահվան գործով քննության ենթադրյալ անարդյունավետության մասով) հոդվածների խախտում։
Փոխհատուցում
ՄԻԵԴ վճիռը ուժի մեջ է մտնում այսօր՝ սեպտեմբերի 4-ին։ ՀՀ կառավարությունը դիմումատուին պետք է եռամսյա ժամկետում 30,000 եվրո վճարի։
Նշենք, որ դիմումատուն պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դատարանը մերժել է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Ամփոփում
- Հանգամանքներ. 2012թ. փետրվարի 29-ին 18-ամյա զինծառայող Տիգրան Վարյանը մահացել է ծառայության ընթացքում՝ ենթադրաբար ինքնասպանության հետևանքով:
- Նախապատմություն. Վարյանը ենթարկվել է պարբերական ծաղրանքի, նվաստացման և ֆիզիկական բռնության իր վերադասների և ծառայակիցների կողմից:
- Քննություն. Նախաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ դրվագներ, երբ Վարյանը ենթարկվել է բռնության և նվաստացման: Այդ դրվագները ներառում էին ֆիզիկական հարվածներ, բանավոր վիրավորանքներ և անհիմն պատժամիջոցներ:
- Առաջին ատյանի դատարանի վճիռ. Սյունիքի մարզային դատարանը 2013թ. օգոստոսի 6-ին դատապարտել է երեք զինծառայողների.
- ավագ լեյտենանտ Հ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ իշխանությունը չարաշահելու և մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար:
- կրտսեր սերժանտներ Է.Ս.-ն և Գ.Մ.-ն դատապարտվել են 4 ամիս ազատազրկման՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:
- Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը անփոփոխ է թողել, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։
- ՄԻԵԴ վճիռ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածները:
- Փոխհատուցում. ՄԻԵԴ-ը որոշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է վճարի 30,000 եվրո փոխհատուցում դիմումատուին:
Այս գործը բարձրացնում է լուրջ հարցեր Հայաստանի զինված ուժերում առկա խնդիրների վերաբերյալ և կարող է նախադեպ հանդիսանալ նմանատիպ դեպքերի համար:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live