Ո՞ւր էին ուզում փախցնել Էրդողանին՝ հեղաշրջման գիշերը, ու ինչ է նա ասել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանն անվանել է «գյավուրի հող» և հայտարարել, որ երբևէ չի կարող ապրել «գյավուրների» կողքին, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Էրդողանը, մասնավորապես, պատմել է, որ հեղաշրջման փորձի գիշերը նրան առաջարկել են տանել հարևան Հունաստան, որտեղ նա ավելի անվտանգ կլիներ:
«Ես ասացի՝ ավելի լավ է այստեղ՝ իմ հողում մահանամ, քան գյավուրի հողում մնամ պատանդ», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ «գյավուր» բառը թուրքերի կողմից ոչ մահմեդական ժողովուրդներին անվանելու տարբերակ է, որը հաճախ կրում է արհամարհական կամ ստորացուցիչ իմաստ: Բառացի նշանակում է անհավատ: Արևմտաեվրոպացիներն այդ բառին ծանոթացել են Ջորջ Բայրոնի հայտնի «Գյավուրը» («The Giaour») բանաստեղծության շնորհիվ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: