Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ: Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:
Սեպտեմբերի կեսերին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիայի նախագահն այցելելու է Հայաստան։ Մակրոնն, իհարկե, չեկավ, փոխարենը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի՝ արդեն նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Փաշինյանի բազմաթիվ հանդիպումների թվում աչք էր ծակում, որ նա այդպես էլ չհանդիպեց Ֆրանսիայի նախագահի հետ։ Թերևս, առաջիկա այցն էր պատճառը, որ նախընտրել էին Նյու Յորքում հանդիպում չկազմակերպել։ Այժմ տևական ժամանակ կունենան Մակրոնն ու Փաշինյանը քննարկելու իրենց օրակարգը։ Հատկապես այսօր, երբ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է, իսկ Ֆրանսիան էլ սեփական շահերն ունի, Փարիզի համար չափազանց կարևոր է տեղում ազդեցություն ունենալը, ինչը փորձում է իրականացնել Հայաստանի միջոցով։
Թե որքանո՞վ այդ հանգամանքը դրական կազդի Երևանի համար, բարդ է ասել։
Լարիսա Գևորգյան