Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ դիվանագետները կնպաստեն իրենց երկրներում Ռուսաստանի նկատմամբ օբյեկտիվ տեսակետի ձևավորմանը։ Միջոցառմանը նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին և վարում էր դրանք, գրում է kommersant.ru-ն:
«Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլ որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարում էր այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ երկուստեք ընդունելի համաձայնագիր էր մշակվել՝ նախաստորագրված ուկրաինական կողմից»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը մերժել է համաձայնագիրը «դրսի խորհրդով»։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում «փոխշահավետ համագործակցության տրամաբանությանը և չի ձգտում առճակատման»։
«Ես կցանկանայի հավատալ, որ Ռուսաստանի հետ համագործակցության ռացիոնալ, հավասարակշռված տեսակետը ևս մեկ անգամ կգերակայի»,- հավելել է նա։