«Անձամբ Երանոսյանն էր ցույց տալիս՝ որ ուղղությամբ կրակեն»․ Սանասարյան
ՔաղաքականությունMamul-ի փոխանցմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանին` դադարեցնել հացադուլը: «26-րդ օրն է, որ Անդրիասը հացադուլ է անում, այսօր արդեն նա առողջական խնդիրներ հաստատ ունի, այդ իսկ պատճառով էլ հորդորում ենք նրան դադարեցնել հացադուլը»,- ասաց Սանասարյանը: Անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին, նա նշեց, թե անհիմն մեղադրանքներ են առաջադրվել իրենց, քանի որ իրենք որևէ զանգվածային անկարգություն չեն կատարել: «Մենք այդ օրը գնացել ենք Սարի թաղ, որովհետև տեղեկություններ ունեինք, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են, և կան վիրավորներ: Գնալով Սարի թաղ, ականատես եղանք ոստիկանական պատի, մեզ հաջողվեց ճեղքել, առաջ գնալ: Այնուհետև սկսեցին քարեր նետել մեր ուղղությամբ, իսկ քարեր են նետել քաղաքացիական հագուստով անձինք, անձամբ Լյովա Երանոսյանը ցույց է տվել, թե որ ուղղությամբ պետք է կրակել։ Ակտիվ գերծողություններ էր կատարում նաև Երանոսյանի եղբայրը»:
«Ժառանգություն» կուսակցության մյուս անդամ Հովսեփ Խուրշուդյանն էլ կարծիք հայտնեց, որ Սարի թաղ էին գնացել արյունահեղությունը կանխելու համար: