Ադրբեջանցիները ֆեյսբուքյան պատերազմ են հրահրել
ԱշխարհՆշենք, որ այս թիմը տարիներ շարունակ հանդես է գալիս եվրագավաթների խաղարկություններում, հայ երկրպագուների կողմից, սակայն, «Ղարաբաղի» նույնիսկ հաջող ելույթները հիվանդագին արձագանքի չեն արժանացել: Նշենք, որ «Ղարաբաղը» Ադրբեջանի չեմպիոնի կոչումը նվաճում է 5-րդ անգամ: Ակումբի նկատմամբ ուշադրություն գրավելու համար Ադրբեջանը դիմել է հերթական էժանագին քայլի՝ սադրանքի ենթարկելով հայաստանցիներին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Прикольный футбол» էջի պատասխանատուն հրապարակել է «Ղարաբաղ» թիմի տարբերանշանը, շնորհավորել է ադրբեջանական ակումբին չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Ֆեյսբուքյան էջին հետևող հազարավոր հայաստանցի օգտատերերից ընդամենը 8-ն է լուսանկարի տակ զայրույթի «սմայլիկ» տեղադրել: Սա հիմք է դարձել Ադրբեջանում հեղինակավոր սպորտային կայքերին խոսել «Ղարաբաղի» չեմպիոն դառնալու վերաբերյալ Հայաստանում ստեղծված լայն արձագանքի մասին:
Այդուհանդերձ, որքան էլ ցավալի է, լուսանկարի տակ բազմաթիվ ադրբեջանցիների և հայաստանցիների միջև այլաբանական պատերազմ է ընթանում նաև հիմա: Վիրավորական արտահայտությունների միջոցով հարևան երկրի օգտատերերը ստիպում են մեր համաերկրացիներին պատասխանել: Հասկանալի է, որ տեսնելով տհաճ արտահայտություններ՝ յուրաքանչյուրի մեջ ցանկություն է առաջանում դիմելու պատասխան գործողության, տեղը դնելու իրեն նման արարք թույլ տված մարդուն: Բայց սթափ գնահատելով իրավիճակը՝ հասկանալ է պետք, որ ադրբեջանցի օգտատերերի հետ վիճելը, նրանց հայհոյելը որևէ առումով չի կարող դրական ազդեցություն ունենալ:
Մասնակցելով արհեստական կերպով ստեղծված ֆեյսբուքյան պատերազմին՝ մենք մեր ձեռքով կենտրոնացնում ենք ուշադրությունը «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վրա: Ֆուտբոլային էջին հետևող այլ ազգի օգտատերերը ուղղակի հրճվում են գրված հայհոյանքներից: Էժանագին մեթոդիկայով Ադրբեջանում ձևավորվել է կարծիք, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն վերանվանվեց «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի պատճառով:
Մասնավորապես, վերջին տարիներին այս թիմը բավական հաջող է հանդես եկել միջազգային ասպարեզում՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլին: Ադրբեջանցիները վստահ են, որ ֆուտբոլային թիմի համաշխարհային ֆուտբոլում ձեռք բերած համբավը ստիպել է հայերին փոխել անվանումը, որպեսզի միջազգային հանրությունը չնույնացնի ֆուտբոլային թիմը և Արցախը: Կարծում ենք՝ մառազմի նման դրսևորումները մեկնաբանության կարիք չունեն:
Նշենք, որ պաշտոնապես «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը կոչվում է «Ազերսուն-Ղարաբաղ»: Ազերսունը Ադրբեջանում խոշոր հոլդինգներից է և 2001 թվականին փրկել է թիմի լուծարումից անվանումը վերափոխելու պայմանով: Լրատվամիջոցները և երկրպագուները, սակայն, խուսափում են «Ազերսուն-Ղարաբաղ» անվանումն օգտագործելուց: Ու թեև նշվում է, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը հիմնվել է հեռավոր 1951 թվականին և հարուստ պատմություն ունի, նշենք, որ Խորհրդային Միության տարիներին Աղդամը ներկայացրել է «Մեխսուլ» թիմը: Վերջինս այնուհետև վերանվանվել է «Շաֆագ», իսկ 88 թվականին՝ «Կոպերատոր»:
ՀԳ. Թեմայի առնչությամբ մեկնաբանություններին հեևել այստեղ: