Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը պատանի հանդիսատեսին կուրախացնի «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա ներկայացմամբ
Հասարակություն2025 թ․ հունվարի 4-ին և 5-ին Երևանի պատանի հանդիսատեսին սպասում է «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա գրավիչ ներկայացումը՝ Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով։
Ռեժիսոր և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրությունը կներկայացնի հետաքրքիր երաժշտական պատմություն Մոխրոտիկի և նրա ընկերների մասին։ Բեմադրությունում ընդգրկված են հիմնական թատերախումբը և թատրոնին կից ստեղծված երիտասարդական ստուդիայի դերասանները, որոնց համար սա առաջին բեմելն է լինելու։
ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ նախապատրաստված ամանորյա ներկայացումը հունվարյան այդ օրերին ցուցադրվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում։
«Մենք շատ բան գիտենք հին ժամանակների Մոխրոտիկի մասին։ Բայց այսօր էլ շատ Մոխրոտիկներ կան և նրանք բոլորը երազանք ունեն։ Արևային Թագավորության մեր Մոխրոտիկը նույնպես երազանք ունի, իսկ թե ինչի մասին է այն, դուք երբեք չեք կռահի։ Բայց կիմանաք, եթե այցելեք «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ներկայացումը», - ասվում է ներկայացման ազդագրում։
Նշենք, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թ․ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ։ Թատրոնը վերապրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարազատ հողից բռնի տեղահանումը։ Երևանում վերածնվել և գործում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների աջակցությամբ, որի ղեկավար Յուրի Նավոյանը նաև թատրոնի Հոգաբարձուների խարհրդի նախագահն է։