Վովա Գասպարյանը պաշտոնանկություն է արել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որի՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանն ազատվել է պաշտոնից:
Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասելով, որ Սևանի բաժնի պետի ուղարկած գրության վերաբերյալ ապրիլի 19-ին արված հրապարակման կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Նշենք, որ նշված գրությունը վերաբերում է ապրիլի 17-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի պետ գնդապետ Վիգեն Աղեկյանից «Հետք»-ին ուղարկած գրությանը, որով «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին նա խնդրել էր տրամադրել լրագրող Մարինե Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի և նշված լրատվամիջոցի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կոնտակտային տվյալները, որպեսզի բացատրություններ վերցնեն «Հետքի» հրապարակած հոդվածներից մեկի վերաբերյալ:
«ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Սևանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության մայոր Ավետ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ՝ փոխարինելով Սուրիկ Ջանիկյանին»,-ասաց Էդգար Ջանոյանը: