Հանրային տրանսպորտի սակագների ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա միայն Երևանի բնակչության լիարժեք համաձայնությամբ, այլապես այն պարզապես կձախողվի․ «ՀայաՔվե»
Քաղաքականություն
Ինչպես գիտեք, «ՀայաՔվե»-ն Երևանում հանրային տրանսպորտի նոր սակագներ հայտարարելու պահից ի վեր հետևողականորեն դեմ է արտահայտվել դրանց, համարելով այդ սակագները տնտեսապես չհիմնավորված և սոցիալապես վնասակար:
Երևանի բազմահազար քաղաքացիների բողոքի արդյունքում քաղաքային իշխանությունը գրաված խմբակը արդեն մի շարք զիջումներ է ստիպված եղել անել, սակայն մենք համարում ենք, որ հանրային տրանսպորտի սակագների ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա միայն Երևանի բնակչության լիարժեք համաձայնությամբ, այլապես այն պարզապես կձախողվի:
Այդ կապակցությամբ երեկ մենք կոչ ենք արել ոչ միայն շարունակել բոյկոտի գործողությունները, այլև մեր անմիջական աջակցությունն ենք առաջարկել դրա արդյունքում վարչական տույժերի ենթարկված բոլոր քաղաքացիներին: Համոզված ենք, որ սա ավելի քան արդարացված է, և որ այս պայքարը ի վերջո կբերի մեր բազմահազար քաղաքացիների օրինական իրավունքների վերականգմանը: