ՔՊ-ում թունավոր մթնոլորտ է ստեղծվել
Քաղաքականություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մի քանի անդամների հեռացնելուց, պատգամավորներից մեկի անձնական գրագրությունն ապօրինաբար ընթերցելուց, միմյանց հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ մեղադրելուց հետո թունավոր մի մթնոլորտ է ստեղծվել, շատերն էլ մտմտում են հեռանալու մասին։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, երկարամյա կուսակցականներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին ՔՊ-ից դուրս մղելուց հետո այժմ էլ թիրախում այլ պատգամավորներ են՝ Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը։ ՔՊ-ում մի իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորը բոլորին լրտեսում են, մանրամասն այդ մասին զեկուցում Նիկոլ Փաշինյանին ու վարչության անդամներին, վերջիններս էլ առանց ձևականությունների քննարկումներ են կազմակերպում, նախաձեռնող խմբի նիստերում, հաշիվներ պահանջում իրարից։
Բանը հասել է այնտեղ, որ շատերն իրար մոտ չեն խոսում, առավել ևս չեն քննարկում կուսակցության ղեկավարության գործողությունները։ Առաջիկայում ՔՊ-ն լքողների թիվն ավելանալու է, ընդ որում, սպասելով Նիկոլ Փաշինյանի sms-ներին՝ պատգամավորները բոլորովին մտադիր չեն վայր դնել մանդատը։ Ընդհակառակը, մինչև վերջ կռիվ են տալու այդ մանդատի, աշխատավարձերի ու արտոնությունների համար։
Շուշան Գալստյան