Հայերեն


«Արա չեմ ջոգում, ձեր մեջ տղա չկա՞». սպանություն զորամասում

Ամենաընթերցված

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու:

Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգյանը, զայրանալով, ասել էր. «Մեկը չկա՝ էս գումարտակի բերանի փակի, անտեր ե՞ք, տեր չունե՞ք»:

Գևորգ Կոսոբոգլյանն ու Պավել Վարդիկյանը, գնալով ննջարան՝ վերոհիշյալ արտահայտության պատճառով վիճաբանել, ապա կռիվ են արել մի խումբ զինվորների՝ արտահայտությունն արած Հակոբ Գևորգյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Յուրա Սերոբյանի, Վաչագան Գրիգորյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Կոսոբոգլյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հակոբին ու Սամվելին:

Երբ փոխադարձ կռվի ժամանակ Հակոբը ձեռքով հարվածել է Պավել Վարդիկյանի գլխին, վերջինս Հակոբի գլխին հարվածել է զինվորական աթոռակով:

Գևորգ Կոսոբոգլյանը, ըստ մեղադրանքի, բռունցքով մեկ անգամ հարվածել է Սամվել Կարապետյանի դեմքին, ապա Հակոբ Գևորգյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբի կրծքավանդակի ձախ մասին ու սպանել է նրան:

Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք էր առաջադրված ինչպես դիտավորյալ սպանության, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելով՝ խմբի կազմում երկու անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Բացի Կոսոբոգլյանից՝ ամբաստանյալի աթոռին էին նաև ննջարանում խմբակային ծեծկռտուքի մասնակից չորս զինծառայողներ՝ Սամվել Կարապետյանը, Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանը, ովքեր մեղադրվում էին միայն ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասով:

Հինգ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն սպանության համար մեղադրվող Գևորգ Կոսոբոգլյանը: Նա արգելանքի տակ էր 2016 թվականի մայիսի 26-ից:

Գևորգն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Նա նշել է, որ 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում իր գումարտակի զինծառայողների հետ գնացել է ճաշարան, որտեղ մարդաշատության պատճառով աղմուկ է բարձրացել:

Հակոբը ոտքի է կանգնել ու դիմելով միայն իրենց գումարտակի զինծառայողներին, ասել է. «Արա՛, չեմ ջոգում, ձեր մեջ մի հատ տղա չկա՞, հելնի բերաններդ փակի, թե՞ տեր չկա, էլի անտեր եք մնացել»:

Ճաշից հետո ինքը գնացել է իրենց գումարտակի ննջարան, համածառայող Պավելի ու Մովսեսի հետ որոշել են գնալ Հակոբի զորանոց՝ պարզաբանում ստանալու:

Այնտեղ՝ նրանց ննջարանում, ինքը բարևել ու ասել է. «Մի քանի բառ կա փոխանակելու»: Պավելի ու Մովսեսի հետ նստել է մահճակալին՝ Հակոբի ու Սամվելի դիմաց: Ինքն ասել է, թե ճաշարանում շատ մարդ կար, բոլորն էլ տեր ունեն, ու Հակոբն արտոնություն չունի իրենց հետ այդպես խոսելու:

Հակոբը խոսքի տոնը բարձրացրել է: Ինքը նրան զգուշացրել է, որ հանգիստ խոսի:

Հակոբը ոտքի է ելել, կանգնել են բոլորը:

Հակոբը բռնել է իր օձիքից, ինքը բռնել է նրա ձեռքից: Ասել է՝ մենք եկել ենք հանգիստ խոսելու:

Հակոբն ասել է. «Գոհ եղիր, որ մենք մեզ սենց ենք պահում», ու ձեռքով հարվածել է իր դեմքին: Իր մեջքից բռնել, գցել են նախավերջին մահճակալին: Իրեն հարվածել են մի քանի հոգի: Ինքը փորձել է պատասխան հարվածներ հասցնել:

Ննջարան է մտել Արամը, քաշել-իրեն բարձրացրել է մահճակալից: Ինքը հարվածել է Սամվելին: Քիչ անց Հակոբը մոտեցել է իրեն, գցել է անկյունային մահճակալին, նստել է իր վրա, աջ ձեռքով խեղդել է, իսկ ձախ ձեռքով հարվածել է իրեն:

Ինքը զգացել է, որ օդը չի հերիքում: Հակոբը երկու ձեռքով է փորձել իրեն խեղդել: Փորձել է մատները մտցնել իր աչքերի մեջ: Ինքը մտածել է, որ գտնվում է անելանելի վիճակում և բնազդաբար, չգիտակցելով իր գործողությունների հետևանքը, ազատվելու նպատակով հանել է տաբատի գրպանում եղած դանակը, հավաքել է ուժերն ու հարվածել է Հակոբին: Հետո փախել, գնացել է զբոսայգի, դանակը խրել է հողի մեջ: Այդտեղից իրեն տարել են զորամասի շտաբ:

Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Կոսոբոգլյանի ցուցմունքը արժանահավատ է գնահատել: Դատարանը նշել է, որ մեղադրանքի կողմը այդ ցուցմունքը հերքող որևէ ապացույց դատաքննությամբ չի ներկայացրել:

Դատարանն արձանագրել է, որ մինչև կռիվը Գևորգը մի քանի անգամ ասել է, որ իրենք գնացել են հանգիստ խոսելու: Այդ հանգամանքը դատաքննությամբ չի հերքվել:

Դատարանում ամբաստանյալ Սամվել Կարապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ ննջարանում խոսակցության ընթացքում «կրքերը տաքացել են», Հակոբը հարվածել է Գևորգին: Ինքը պահել է Մովսեսին ու Պավելին, որ կռվին չխառնվեն: Հակոբը Գևորգին քաշել-տարել է անկյունային մահճակալի մոտ, հարվածներ է հասցրել: Ինքը մոտեցել է նրանց, որ հանդարտեցնի: Այդ ժամանակ Գևորգը ոտքի է կանգնել ու հարվածել է իրեն: Հետո Գևորգը մոտեցել է Հակոբին, երկուսով ընկել են մահճակալի վրա: Ինքը փորձել է նրանց բաժանել: Քիչ հետո Գևորգը դուրս է եկել Հակոբի տակից ու փախել է: Հակոբը ոտքի է կանգնել ու տեսել է, որ կողքը վնասված է:

Դատարանն արձանագրել է, որ այս ցուցմունքով ևս փաստվում է, որ կռվելիս անկյունային մահճակալի վրա ընկնելով, Գևորգը գտնվել է Հակոբի տակ: Դատարանում Սամվելի կողմից իրեն մեղավոր ճանաչելը դատարանը գնահատել է՝ որպես Սամվելի կողմից Գևորգին հարվածներ հասցնելն ընդունելու արդյունք:

Ամբաստանյալ Յուրա Սերոբյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Յուրան նշել է, որ երբ Գևորգն ու նրա համածառայողները եկել են իրենց ննջարան ու նստել են մահճակալին՝ խոսելու, Սամվելն իրեն ասել է, որ պատուհանները փակի, ինքը փակել է պատուհանի մեկ փեղկը:

Խոսակցության ընթացքում «զրուցողները» ոտքի են կանգնել, սկսել են գոռգոռալ: Պավելը ցանկացել է խոսել, Սամվելն ասել է՝ երբ հարց կտան, էդ ժամանակ կխոսես:

Իրենց գումարտակի Վաչագանը մեջքից բռնել ու Գևորգին գցել է մահճակալի վրա: Հակոբը ոտքով հարվածել է Գևորգին, ինքն էլ է ոտքով խփել նրա կրծքավանդակին: Պավելը վերցրել է փայտե աթոռը: Ինքը մոտեցել, բռունցքով հարվածել է նրան, նա աթոռը իջեցրել, հետո նորից բարձրացրել է:

Այդ ժամանակ Գևորգը մահճակալից ոտքի է կանգնել: Սամվելն ասել է, որ Գևորգն ու մյուսները հեռանան իրենց ննջարանից, Գևորգը հայհոյանք է տվել ու մոտեցել է Սամվելին: Այդ ժամանակ Հակոբը Գևորգին գցել է մահճակալին, ձախ ձեռքով բռնել է վզից ու սեղմել է, աջ ձեռքով էլ հարվածել է նրան: Հակոբը մարմնով ընկած էր Գևորգի վրա ու հարվածում էր նրա դեմքին, հետո երկու ձեռքով բռնել էր Գևորգի վզից, այնպիսի տպավորություն էր, որ խեղդում է: Գևորգը չէր շարժվում, ինքը նույնիսկ մտածել է, թե նա խեղդվել է: Ինքը, Սամվելն ու Վաչագանը փորձում էին Հակոբին մի կողմ տանել: Հետո ինքը պատին արյուն է տեսել: Մտածել է՝ Գևորգի արյունն է: Հակոբին ասել է՝ Հակո՛բ, բաց թող: Սամվելը Հակոբին մի կողմ է քաշել, Գևորգը փախել է: Հակոբը ձեռքը դրել է փորին ու ասել է. «Սամո՛, թող, Սամո՛, խփեց», ու վազել է դուրս:

Դատարանն արձանագրել է, որ Գևորգ Կոսոբոգլյանին հարվածել են չորս հոգով, իսկ Պավելն ու Մովսեսը հնարավորություն չեն ունեցել միջամտելու կռվին: Հակոբը Գևորգին մահճակալին գցելուց հետո սեղմել է նրա պարանոցը, Յուրան, կարծելով, թե Գևորգը խեղդվում է, նույնիսկ սկսել է Հակոբին մի կողմ քաշել:

Դատարանն արձանագրել է նաև, որ մեղադրողի կողմից Յուրայի ցուցմունքը չի վիճարկվել:

Պավել Վարդիկյանն իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ իրեն ու Մովսեսին պահել են մահճակալների արանքում՝ իրենց ձեռքերը բռնել-պահել են մեջքի հետևում, չեն թողել, որ իրենք շարժվեն:

Գևորգին հարվածում էին մի խումբ զինծառայողներ: Հակոբը բռունցքով խփել է իր գլխին, ինքն ազատել է ձեռքերն ու վերցրել է փայտե աթոռակը, դրանով հարվածել է Հակոբի գլխի ճակատային հատվածին: Նա մոտեցել ու ցանկացել է իրեն հարվածել, բայց հավաքվածները չեն թողել: Հակոբը մոտեցել է Գևորգին, նրան գցել է մահճակալին, չոքել է նրա վրա, սեղմել է պարանոցը, մյուս ձեռքով հարվածել է նրան:

Քիչ անց Գևորգն ազատվել ու փախել է: Ինքը գնացել է նրա հետևից, բայց կորցրել է տեսադաշտից…

Պավելը նշել է, որ Հակոբ Գևորգյանը Գևորգ Կոսոբոգլյանից ֆիզիկապես անհամեմատ ուժեղ էր:

Վաչագան Գրիգորյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ Հակոբը, մահճակալին ընկած Գևորգի վրա կռացած՝ ջղայնացած հարվածում ու գոռում էր. «Կխեղդեմ…»:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Կոսոբոգլյանին դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն:

Գևորգ Կոսոբոգլյանը մահճակալի վրա գտնվել է Հակոբ Գևորգյանի տակ, ծեծի է ենթարկվել, Հակոբը փորձել է խեղդել նրան: Գևորգի շարժումները միտված են եղել պաշտպանություն իրականացնելուն: «Նշված օբյեկտիվ իրադրության մեջ տուժող Հակոբ Գևորգյանը հանդես է եկել ոտնձգողի դերում, միայն նրա կողմից է այդ պահին դրսևորվել ոչ իրավաչափ վարքագիծ…»:

Դատարանի եզրահանգմամբ՝ Գևորգ Կոսոբոգլյանն իրականացրել է իր պաշտպանությունը, բայց դուրս է եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից՝ թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում՝ դանակով հարվածել է Հակոբ Գևորգյանին ու պատճառել է մահ:

Գևորգ Կոսոբոգլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 26-ից:

Սամվել Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարվել է 2 տարի ազատազրկման: Պատիժը կրելու սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Յուրա Սերոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ու վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկում: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Պավել Վարդիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 5 ամիս 27 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Վաչագան Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ Գևորգ Կոսոբոգլյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով տուժողի իրավահաջորդին այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Մենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը
Ամենադիտված