Վարչապետը հանձնարարականներ տվեց
ՀասարակությունԱյսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատումներին, նշելով, որ վերջին ժամանակներս ավելի հաճախ են դրա շուրջ մտահոգություններ բարձրաձայնվում: Նա նշեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: «Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար և այդ պատճառով հանձնարարում եմ գյուղատնտեսության նախարարին երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառներում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման և վերականգնման դերը»,-հավելեց վարչապետը: Նա Գյուղատնտեսության նախարարությանը նաև հանձնարարեց համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ՝ մշակել և ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի մասին պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի հասարակությանը:
***
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն կարապետյանը կրկին սկսեց հանձնարարականներով: Նա նշեց, որ մայիսի 5-ին պետք է կառավարության ծրագիր դիտարկեն: «Ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, հաշվետվությունները 6 ամսվա կատարված են, եթե կան թերացումներ, այն կարգավորենք »,- նշեց Կարապետյանը: Նա հավելեց, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել. «Շքեղ դրսեւորումներ, չգիտեմ շքեղ բառը կարող է ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչեւ այդ մակարդակներ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով եւ այլն: Լա՞վ»: