«Խի՞ ես ֆիքսվում մատիս վրա». «Դու» չի, Ձեր ա». վեճ՝ ՍԴ-ում
ՔաղաքականությունՍահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննության ժամանակ միջադեպ է գրանցվել. վիճաբանության մեջ մտան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ հարց ուղղեց ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանին՝ թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է եւ դպրոցների տնօրենների, եւ մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը: Մուկուչյանը պնդեց, որ ինքը նախկինում պատասխանել է այդ հարցին եւ ավելացնելու ոչինչ չունի. «Չակերտները բաց՝ ես այդ հարցին պատասխանել եմ, չակերտները փակ, վերջակետ»:
Այդ պահին Լեւոն Զուրաբյանը կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրեց մատը, ինչին Մուկուչյանն արձագանքեց. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»:
«Ես քո՞ հետ էի խոսում: Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», - նշեց Զուրաբյանը, ինչին ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Ձեր գիտակցական մակարդակն էդքան ա: Դու չի, Ձեր ա»: