Պատասխան Բաքվին
ԱմենաընթերցվածՀԱՅԵԼԻ / Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, այս մասին ասաց այցով Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: «Սրանք հարցեր են, որ երկու երկրների ղեկավարները քննարկում են՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները»,- հավելել է Հնդկաստանի փոխնախագահը:
Նշենք, որ Հնդկաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող Պակիստանն ընդգրկուն ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Ի դեպ, Պակիստանը մոլեռանդ ատելությամբ է լցված Հայաստանի հետ, դա մի երկիր է, որը անգամ չի ճանաչել Հայաստանի անկախությունը: Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովներին` հենց Պակիստանն է ամենաուժգին քննադատությամբ հանդես գալիս Հայաստանին քննադատելիս:
Անցած տարվա հոկտեմբերին Բաքվում էր Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Վերջինիս հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Ցանկանում ենք Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից, բարձր տեխնոլոգիական սպառազինություն: Այս հարցում լիակատար համաձայնության ենք հասել»: