Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնը
LifeԵրևանում կայացավ Գրքի չորրորդ փառատոնը․ երեք օր Աբովյան փողոցի տարբեր անկյուններում գրական-մշակութային տրամադրություն էր՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, հատուկ հյուրերի հետ հանդիպումներ։
Փառատոնն այս տարի անցկացվեց չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը:
Tert.am Life–ը ներկա է եղել փառատոնի շրջանակում Բաբկեն Չոբանյանի հետ հանդիպմանը, որի շրջանակում դերասանն ընթերցեց Վիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» պատմվածքը, ապա այն քննարկեց ընթերցողների հետ։
Յուրաքանչյուրը ներկայացրեց իր մեկնաբանությունը Սարոյանի առաջին հայացքից պարզ պատմվածքին, որում հեղինակն ուզում է պատմվածք գրել, բայց ցուրտը խանգարում է, արդյունքում նա պատմում է հենց այդ մասին։ Այս պատմվածքում Սարոյանն ընդհանրացնում է աղքատության և ցրտի մատնված գրողի ու լավ և վատ գրականության մասին իր ասելիքը՝ իրեն հատուկ կենսասեր հումորով և մռայլ իրականության նկատմամբ հեգնանքով։
Փառատոնի փակումը կայացավ գրական մրցանակաբաշխությամբ։ Գրական մրցույթը «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում էր։ «Պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Եղյանը, «Արձակում»՝ Հովիկ Աֆյանը։
Միջոցառումների ավարտը տրվեց «Լավ էլի» խմբի համերգով։