Երիտասարդին սպանած տնօրենի դատն սկսվեց․ մանրամասներ
ՀասարակությունԱջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց Վահան Ղազարյանի գործի դատական քննությունը:
40-ամյա Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս աշխատակցած ու ստանալիք ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լևոն Սահակյանի ու նրա ընկերոջ հետ:
Վահանն ու Լևոնը վիճել են չվճարված աշխատավարձի վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Վահան Ղազարյանը ծալովի դանակով երկու հարված է հասցրել Լևոն Սահակյանին՝ ոտքի ու կրծքավանդակի շրջաններին:
Ստացած վնասվածքներով տուժողը կարողացել է նստել իր մեքենան, այն վարել է մինչև Հանրապետական հիվանդանոց: Նրան վիրահատել են, սակայն վնասված են եղել սիրտն ու թոքը, երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ հոկտեմբերի 21-ին նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Վահան Ղազարյանն ասաց, թե աշխատել է հեռուստալրագրության ասպարեզում, աշխատակցել է «Արմենիայի» «Ժամը» լրատվական հաղորդմանը, հետո էլ բացել է «Պատանի լրագրողներ» դպրոցը…
Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը մինչև դատաքննության սկսվելը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ նա հանցավոր արարքի պահին եղե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Չնայած դատական հոգեբաններն իրենց եզրակացություններում շարունակ գրում են, թե «հոգեկան խիստ հուզմունքը» իրավական կատեգորիա է, իրենք այդ հարցին չեն կարող պատասխանել, բայց շարունակում է նման հարցադրում հնչել:
Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալի նախաքննական ցուցմունքը բավական է եղել, որ նրա նկատմամբ նախաքննական մարմինը նշանակեր դատահոգեբանական փորձաքննություն:
Չնայած դատարանը դեռ չէր սկսել դատաքննությունը, չէր անցել ապացույցների հետազոտմանը, բայց մեջբերվեց Ղազարյանի ցուցմունքն այն մասին, թե իր աշխատասենյակում տուժողն է նախահարձակ եղել՝ ձեռքով հարվածել, իրեն վայր է գցել, պատճառել է մարմնական վնասվածք, ինքն էլ վրդովվել ու տուժողից խուսափելու համար դանակով խփել է նրան, նրանից ազատվել է, երբ նրան քաշել-հեռացրել են իր վրայից: Իր աչքերի դեմը փակվել է, ինքը հետագա գործողությունները չի հիշում:
Ըստ Վահան Ղազարյանի՝ ցանկացել է մեկ հարված հասցնել դանակով, իսկ երկրորդ հարվածը երևի անզգուշությամբ է «հարվածվել»՝ երբ ինքը շրջվում էր: Պաշտպանը նշեց, թե իր պաշտպանյալի ցուցմունքից բխում է, որ տուժողի դրսևորած վարքագծի պատճառով է նա հարվածներ հասցրել՝ ըստ երևույթին՝ գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Միայն դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ է հնարավոր պարզել՝ ի՞նչ հոգեվիճակում էր գտնվում Վահան Ղազարյանը արարքի կատարման պահին, իսկ նախաքննական մարմինը մերժել է պաշտպանի միջնորդությունը՝ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Պաշտպանը բողոքել է վերահսկող դատախազին, բայց վերջինս նույնպես մերժել է…
Դատարանը պաշտպանի միջնորդությունը քննարկման չդրեց՝ ասելով, որ միջնորդության քննարկումը հետաձգվում է՝ մինչև գործում առկա ապացույցների հետազոտումը:
Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Վահան Ղազարյանը հայտարարեց. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես 40 տարեկան տղա եմ… Ես մարդասպան չեմ…»:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ՝ հարցաքննել տուժողի իրավահաջորդին, վկաներին, հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, հարցաքննել ամբաստանյալին:
Տուժողի իրավահաջորդը սպանված երիտասարդի՝ Լևոնի հայրն է՝ Տիգրան Սահակյանը: Նա ասաց, թե բժիշկ-ուռոլոգ է, ապրում է Սևանում, աշխատում է Հրազդանում:
Ամբաստանյալին չի ճանաչել: Սակայն ընտանեկան խոսակցություններից իմացել է, որ Լևոնի նշանածի գործատուն՝ պատանի լրագրողների դպրոցի տնօրենը ամբողջությամբ չի վճարել նրան՝ կատարած աշխատանքի դիմաց:
Երբ որդին այդ հարցով դեպքից երկու ամիս առաջ՝ 2016 թվականի օգոստոսի 20-ին խոսել է Վահան Ղազարյանի հետ, նա ժամանակ է խնդրել՝ կոնկրետ՝ երկու ամիս՝ խոստացել է հոկտեմբերի 20-ին հարցը կարգավորել:
Հայրը Լևոնին ասել է, որ հոկտեմբերի 20-ին այդ գործատուի մոտ կգնան երկուսով, ինքը կխոսի նրա հետ, իսկ մինչ այդ որդուց պահանջել է. «Էդ թեման փակված է, դրա քննարկումը քոնը չի…»:
Տուժողի իրավահաջորդն ասաց. «Չգիտեի՝ նման վիժվածքի հետ գործ ունենք, ասի՝ դպրոցի տնօրեն է, կխոսենք, իրար կհասկանանք»:
Նախագահողը դիտողություն արեց տուժողի իրավահաջորդին՝ ամբաստանյալի հասցեին ասված խոսքի համար:
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ որդու հետ երկու ամիս անց հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերելու օրը Վահան Ղազարյանը նաև խոստացել է՝ եթե չկարողանա վճարել գումարը, ապա գումարի դիմաց կտա լուսանկարչական ապարատ: Նման մի ապարատ եղել է որդու նշանածի մոտ, երբ նա աշխատակցել է Ղազարյանի դպրոցում: Չվճարված աշխատավարձի դիմաց աղջիկն ասել է, թե կարող է մոտը պահել ապարատը, սակայն Լևոնն ասել է, որ ապարատը խմբագրությանն է պատկանում, այն պետք է հանձնել ու պահանջել չվճարված գումարի վճարում:
Ըստ տուժողի հայրիկի՝ որդին դեպքի հաջորդ օրը պետք է մասնակցեր ատամնաբուժական գիտաժողովի՝ նա սովորում էր օրդինատուրայի առաջին կուրսում, աշխատում էր «Ստոմլայն» ատամնաբուժական կլինիկայում, որտեղ պրակտիկա էր անցել:
Դեպքի օրը հայրը մի քանի անգամ հեռախոսով խոսել է որդու հետ: Ոչ մի խոսք չի եղել նշանածի նախկին գործատուի մոտ այդ օրը գնալու վերաբերյալ: Որդին երեկոյան զրույցի ժամանակ հորը հիշեցրել է միայն, որ հաջորդ օրը գնալու են այդ դպրոց՝ ուժի մե՞ջ է պայմանավորվածությունը: Հայրն ասել է՝ այո, անպայման: Նա ծրագրում էր հաջորդ օրը ժամը 15-ի սահմաններում ժամանել Երևան, հանդիպել որդուն, նրա հետ գնալ այդ գործատուի մոտ:
Սակայն ժամը 23-ի սահմաններում, երբ հայրը տանն էր, նրան զանգել է Լևոնը, ասել է, թե նշանածի գործատուն կանչել է հանդիպման՝ ասելով, թե կլուծեն հարցը, ինքը գնացել է, այնտեղ վեճ է եղել, դպրոցի տնօրենը դանակով երկու հարված է հասցրել իրեն: Լևոնն ասել է, թե մեքենայի ղեկին է, հետն է ընկերը, բայց նա մեքենա չի քշում, դրա համար ստիպված ինքն է վարում:
Նա գտնվել է Լենինգրադյան փողոցում: Բժիշկ հայրը նախ պարզել է՝ մարմնի ո՞ր մասերին է հարվածները ստացել Լևոնը: Վերջինս ասել է՝ կարծես լուրջ բան չի՝ կողքս է վնասված ու ոտքս, շունչս է կտրվում… Հայրը խորհուրդ է տվել մեքենան զգույշ վարել մոտակա՝ Հանրապետական հիվանդանոց, ասել է, որ ընդունարան մտնելուն պես Լևոնը զանգի ու հեռախոսը փոխանցի ընդունարանի աշխատողներին:
Որդին զանգել է ընդունարանից, հայրը լսել է որդու շնչառությունը, նա հեռախոսը փոխանցել է ընդունարանի աշխատողին: Հայրը ներկայացել է, որ բժիշկ է, խնդրել է որդու նկատմամբ ուշադիր լինեն, անմիջապես տանեն ռենտգենի, ինքը արդեն ճամփա է ընկնում դեպի Երևան: Հայրը խոսել է նաև հերթապահ բժշկի հետ: Կարճ ժամանակ անց նրան ասել են, թե Լևոնին տանում են վիրահատարան:
Երբ հայրը հիվանդանոց է հասել, որդին վիրահատարանում էր: Նրան ներս չեն թողել, նա հետո է հասկացել՝ վիրահատարանում լարված իրավիճակ էր, ինքը միայն կարող էր խանգարել: Վիրահատությունից հետո ասել են, որ վնասված էին սիրտը, թոքը, վիճակը ծայրահեղ ծանր էր: Իսկ երբ որդուն չեն կարողացել փրկել, նոր միայն հայտնել են՝ վիրահատության սկզբում արդեն պարզ էր՝ վնասվածքն այնպիսին էր, որ շանս չկար…
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդու նշանածին գործատուի կողմից չէր վճարվել 100-110 հազար դրամ: Աղջիկը երեք ամիս «ստաժիրովկա» էր անցել՝ անվճար էր աշխատել, հետո պայմանավորվել էին, թե ինչքան կվճարեն՝ ամիսը մոտ 80 հազար դրամ: Ընթացքում պատահել էր՝ որոշ աշխատանքների համար վճարել էին, հետո հաշվարկ են արել՝ չվճարվածը կազմել էր մոտ 110 հազար դրամ:
Աղջիկը տեսնելով, որ վճարումներ չեն կատարում, հայտնել է, թե աշխատանքից դուրս է գալիս: Տնօրենը նրա հետ վիճել է, աղջիկը զանգել է նշանածին՝ Լևոնին, ու ասել է. «Էս մարդը անձնական վիրավորանքների է անցել, գիտի՝ իրա ճորտն ենք, ասում է՝ բացի փողից՝ ուրիշ բանի համար չես գալիս…»:
Լևոնը նշանածին ասել է. «Էլ խոսակցությունը չես շարունակում, վեշերդ հավաքում ու դուրս ես գալիս…»:
Հետո Լևոնն է գնացել տնօրենի հետ խոսելու: Լևոնը հորն ասել է, որ տնօրենը իրեն «տղամարդու խոսք է տվել»՝ երկու ամիս անց հարցը կարգավորել՝ փողը տալ կամ դրա տեղը՝ կամերա տալ: Տուժողի իրավահաջորդն ասաց. «Հոկտեմբերի 20-ը տնօրենի նշանակած վերջնաժամկետն էր…»:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ վերջնաժամկետից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 21-ն անց 57 րոպեին, ըստ որդու հեռախոսային զանգերի վերծանումների, որդուն զանգ է գնացել Վահանի հեռախոսահամարից:
Զանգը անպատասխան է մնացել՝ որդու հեռախոսը լիցքաթափված է եղել, նա միացրել է հեռախոսը, տեսել է, որ զանգ է ստացել և ժամը 22-ն անց 01 րոպեին հետ է զանգել Վահանին: Վերջինս էլ կանչել է դպրոց՝ խոսելու, հարցը լուծելու:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդին այդ ժամանակ իրենց տանը՝ Նորքի զանգվածում, ընկերոջ հետ թեյ խմելիս է եղել: Ընկերը եղել է զինվորական համազգեստով ու առաջարկել է Լևոնի հետ գնալ այդ հանդիպմանը: Բայց Լևոնը նրան չի թողել, ասել է. «Մենակ դու էիր մնում՝ զինվորական ֆորմով ինձ հետ գայիր»:
Տուժողի իրավահաջորդն ասաց՝ եթե Վահան Ղազարյանը որդուն չկանչեր, նա ինչո՞ւ պիտի գիշերվա կեսին հասներ այդ դպրոցը, որը գործում էր հենց Վահան Ղազարյանի առանձնատանը:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդին զինվորական հագուստով ընկերոջը հետը չի տարել, բայց զանգել ու հանդիպել է մեկ ուրիշ ընկերոջ՝ Արտակին՝ նրանք տնօրենի հետ հանդիպումից հետո պիտի գնային ինչ-որ սրճարանում ֆուտբոլ նայելու:
Արտակը դեպքից հետո շատ վախեցած է եղել, նույնիսկ փորձել է Լևոնի հորն ասել, թե ինքը դեպքի պահին Լևոնի հետ չի եղել:
Հետո նա, լինելով ականատես, պատմել է հետևյալը: «Ես գիտեի՝ փող վերցնելու համար ենք գնացել, բայց այդ տնօրենը Լևոնին ասել է՝ փող չունեմ տալու, հետո էլ՝ կերևա…»:
Լևոնն ասել է՝ բայց ինչո՞ւ ես կանչել, եկել ենք՝ ի՞նչ խոսենք: Տնօրենն ասել է՝ հետո կերևա: Լևոնն էլ, քանի որ պայմանավորվել էին փողը չտալու դեպքում կամերա տալ, նստած տեղից շրջվել է դեպի սեղանին դրված երկու կամերաները, ձեռքը մեկնել է լավին ու ասել է՝ ո՞րը վերցնենք:
Վահանը զայրացել ու ասել է՝ դի՛ր տեղը: Նա վեր է կացել տեղից, մոտեցել է Լևոնին ու «հավաքել է նրա դոշերը»: Ասել է. «Ո՞ւմ կամերան ես տանում»:
Ըստ Արտակի՝ ինքը փորձել է բաժանել, մի կողմ է քաշել Լևոնին, ասել է՝ մենք կռվի համար չենք եկել:
Վահանը հետ-հետ է գնացել: Արտակը մտածել է՝ գնում է իր տեղը նստելու: Բայց Վահանը կտրուկ նորից հարձակվել է Լևոնի վրա, ձեռքին դանակ է եղել: Արտակն ու Լևոնը հետ-հետ են գնացել: Լևոնը դիպել է «դռան շուշին»: Ապակին ջարդվել է: Արտակը ոտքի շրջանում ծակոց է զգացել, կռացել ու գուլպան հանել է… Երբ գլուխը բարձրացրել է՝ տեսել է Վահանն ու Լևոնը նորից իրար քաշքշում են: Հարվածների պահը չի տեսել՝ Արտակն այդպես է ասել: Աչքերիս դեմը սևացավ՝ ասել է՝ չեմ տեսել՝ ով ում է խփել…
Աշխատասենյակ է մտել ևս մի հոգի: Նա Լևոնին դուրս է քաշել սենյակից: Բայց Լևոնն արդեն խփված էր… Նա մայկեն բարձրացրել է, տեսել են՝ կողքը վնասված է: Նախասենյակում, ըստ Արտակի պատմածի, Վահանը նորից փորձել է հարձակվել: Քաշքշուկ է եղել: Արտակն ու Լևոնն իջել են, մոտեցել են Լևոնի մեքենային: Մինչև կբացեին մեքենայի դուռը, Վահանը դուրս է եկել՝ ձեռքին՝ «պիստալետ»: Նրան ասել են՝ մի՛ արա, մի՛ արա: Նա նայել-նայել ու ներս է գնացել…
Երբ Լևոնը արդեն վիրավոր վիճակով մեքենան վարել ու զանգել է հորը, ասել է. «Պա՛պ, ես հլը բան չասած՝ Վահանը միանգամից հելավ, հասավ մեր վրա ու խփեց…»:
Տուժողի իրավահաջորդի հարցաքննությունն ավարտվեց:
Հաջորդ նիստին՝ հունիսի 20-ին, դատարանը կանցնի վկաների հարցաքննությանը: