«Այն, ինչով զբաղվում են քաղաքական կազմակերպությունները այսօրվա Հայաստանում, դժվար է չարքաշ պոռնկության հետ համեմատելը»
ՔաղաքականությունՄարդիկ ժամանակին համաքայլ են գնում: Այնքան համաքայլ, որ չես հասցնում ոչ միայն ինչ-ինչ օրինաչափություն արտածել, այլեւ անհնար է դառնում արձանագրել անգամ կերպարանափոխությունների այն հաճախականությունը, որ մատուցում են Հայաստանի քաղաքական ուժերն ու անձերը:
Դեռ մի հարյուր տարի առաջ այդ կերպով քաղաքականությամբ զբաղվելը առանց խղճի խայթի կարելի էր անվանել մարմնավաճառություն։ Բայց մարմնավաճառությո՞ւնն է պրիմիտիվացել, թե՞ քաղաքականությամբ զբաղվելն է բարդացել, պարզ չէ։ Միայն թե այն, ինչով զբաղվում են քաղաքական կազմակերպությունները այսօրվա Հայաստանում, դժվար է չարքաշ մարմնավաճառության հետ համեմատելը, որովհետեւ սրանք այդ բանը անում են ոչ թե կեղծ ու խլացած մնչոցով կամ լռելյայն աշխօրը վաստակելով՝ ինչպես իրենց թեթևաբարո կոլեգաները, այլ անթաքույց հաճույքի հարայ-հրոցով։ Մի բան էլ՝ րոպե անց կույսի մուննաթով հետ են դառնում դեպի ընտրողները ու դեմքները ծամածռում են ազգային հոգսերի մտահոգությամբ: Եւ այստեղ արդեն աշխատում են լեզվով՝ «հայրենիք», «արդարություն», «մաքուր ձեռքեր», «ժողովրդավարություն», «ծովից-ծով» եւ այլն:
Այսինքն, մի կողմից գործածվելով իշխանության կողմից, մյուս կողմից գործից չկտրվելով՝ բռնաբարում են ժողովրդի հեշտ տրվող ականջը:
Ընդ որում, դա անում են իրար հերթ չտալով՝ տեսարանը սարքելով խմբակային:
Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ